Թրամփը ցանկանում է օգտագործել մասնավոր ռազմական բանակներ՝ Վենեսուելան Չինաստանից, Ռուսաստանից և Իրանից կտրելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Վենեսուելայում մասնավոր ռազմական ընկերություններ (ՄՌԸ) օգտագործել՝ ամերիկյան զորքերի տեղակայման փոխարեն։ Այս մասին հայտնել են CNN-ի երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են վարչակազմի ծրագրերին։ Թրամփը չի բացառել Վենեսուեալայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, սակայն նախագահին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա զգուշավորությամբ է վերաբերվում ամերիկյան զինվորականների տևական տեղակայման գաղափարին։ Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել կապալառուներին՝ Վենեսուելայում ռազմական գործողություններին աջակցելու նրանց հնարավորությունների վերաբերյալ։
Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «վերցնել» վենեսուելական նավթը։ Մի քանի աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ խնդիրը ամերիկյան հակառակորդներին նավթի մատակարարումների սահմանափակումն է, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Կուբան։ Այս ծրագրի մի մասը ենթադրում է, որ Վենեսուելայի տարածքում արդեն իսկ գտնվող նավթը պետք է մնա հենց այնտեղ, պատմել են աղբյուրները։ Այս խնդրի ապահովումը կարող է դառնալ մասնավոր ռազմական կապալառուների նպատակներից մեկը, եթե ամերիկյան հումքային ընկերությունները վերադառնան երկիր։
Երկար տարիների անվտանգությունն անհրաժեշտ է խոշոր նավթային ընկերությունների ապագա ներդրումները պահպանելու համար, որոնց Թրամփը համոզում է գումարներ ներդնել Վենեսուելայի նավթային արդյունաբերության մեջ։ Դրա համար պահանջվում է արժեքավոր նավթային ակտիվները խմբավորումներից պաշտպանելու հստակ պլան՝ նախագահ Մադուրոյի տապալումից հետո առաջացած իշխանության վակուումի պայմաններում։ Աղբյուրներից մեկը CNN-ին դեռ օգոստոսին՝ նախքան Կարիբյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկը, հայտնել էր, որ կապալառուները կներգրավվեն անցումային շրջանում։ «Եթե փոփոխություններ տեղի ունենան, ԱՄՆ-ը ներգրավված կլինի իր ակտիվների պաշտպանության և ժողովրդավարության աջակցության գործում, — ասել է աղբյուրը։ — Մենք այնտեղ միլիարդավոր ակտիվներ ունենք, հատկապես Chevron-ը»։
Մի քանի մասնավոր պահնորդական ընկերություններ արդեն ձգտում են մասնակցություն ունենալ Վենեսուելայում ամերիկյան ներկայությանը: Հետաքրքրությունը բարձր է պոտենցիալ եկամուտների պատճառով. Իրաքի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը 138 միլիարդ դոլար է ծախսել անվտանգության և լոգիստիկայի ոլորտում մասնավոր կապալառուների ծառայությունների վրա: Պոտենցիալ մասնակիցների թվում է «Grey Bull Rescue Foundation»-ը: Այս կազմակերպությունը բաղկացած է ամերիկյան հատուկ ջոկատայինների վետերաններից և անցյալ տարի օգնել է ընդդիմության առաջնորդ ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյին գաղտնի լքել Վենեսուելան: «Grey Bull»-ի հիմնադիր Բրայան Ստերնը նշել է, որ ընկերությունը տարածաշրջանում աշխատում է արդեն մի քանի ամիս: «Երբ վերադառնում են օտարերկրյա ներդրումները, նրանց հետ գալիս են նախկին «ծովային կատուները», «կանաչ բերետավորները» և «նինձյաները»՝ անվտանգությունն ապահովելու համար»,- պատասխանել է Ստերնը Վենեսուելայի մասին հարցին:
Աշխատանքներին կարող է ներգրավվել նաև Էրիկ Փրինսը՝ «Blackwater» ՄՌԸ-ի հիմնադիրը և Թրամփի գործընկերը: Նրա ընկերությունը զգալի դեր է խաղացել Իրաքում 2003 թվականի ամերիկյան ներխուժումից հետո՝ ապահովելով անվտանգությունը, լոգիստիկան և նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այն սկսել է օգտագործել «Academi» և «Constellis» անվանումները այն բանից հետո, երբ 2007 թվականին հայտնվել է իրաքցի խաղաղ բնակիչների գնդակահարության պատճառով առաջացած սկանդալի կենտրոնում։
Թրամփի վարչակազմը դժկամության է բախվել Վենեսուելայում սեփական բիզնեսների համար ներդրումներ կատարելու հարցում: ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերության՝ ExxonMobil-ի գործադիր տնօրեն Դարեն Վուդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վենեսուելայի շուկան իր ներկայիս տեսքով «պիտանի չէ ներդրումների համար» և կոչ է արել անվտանգության և օրենսդրական լուծումներ փնտրել: Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում թույլ տալ Exxon-ին գործել Վենեսուելայում:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ նավթային հսկաները կգործեն զգուշավորությամբ, քանի դեռ վարչակազմը չի առաջարկել անվտանգության լուծումները: «Rapidan Energy» խորհրդատվական ընկերության ղեկավար Բոբ Մաքնալին նշել է, որ նավթային ընկերությունները հարց կտան իրենց՝ արդյո՞ք իրենց աշխատակիցները կկարողանան անվտանգ աշխատել Վենեսուելայում նաև Թրամփի պաշտոնաթողությունից հետո: «Կկարողանա՞նք մենք դուրս գալ քաղաքներից, թե՞ մեզ կսպանեն»,- հարց է տվել Մաքնալին: Լատինական Ամերիկայի հարցերով փորձագետ Էվան Էլիսը նշել է, որ Վենեսուելայում աշխատող չինական ընկերություններն այնտեղի անվտանգության պայմաններն անվանում են «մղձավանջային»: «Control Risks» ընկերության վերլուծաբան Թեոդոր Կանի խոսքով՝ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն վարչակարգի կողմնակից «կոլեկտիվոսները», այլև կոլումբիական զինված խմբավորումները՝ FARC-ը և ELN-ը: ԱՄՆ-ի կամ նոր կառավարության կողմից ճնշումների դեպքում նրանք կարող են հարձակվել նավթային ենթակառուցվածքների վրա:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երկար տարիներ Վենեսուելային շնորհում է վտանգավորության չորրորդ՝ առավելագույն մակարդակը ճամփորդությունների համար՝ զգուշացնելով առևանգումների, խոշտանգումների, ահաբեկչության, ձերբակալությունների և բժշկական ենթակառուցվածքների բացակայության ռիսկերի մասին։ Վերջին նախազգուշացումը, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի պատվիրակության այցից հետո, կոչ է անում ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը և զգուշանալ զինված ոստիկանությունից։


