Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Որոշումն ընդունելու պատճառ են հանդիսացել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ Թրամփի դերի վերաբերյալ մեղադրանքները։ Բելոուզը նման որոշում ընդունելու համար որպես հիմք օգտագործել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 3-րդ մասը, որտեղ ասվում է, որ «խռովության մեջ ներգրավվածներին» արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել:
Ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի նաև Կոլորադոյի նահանգի Գերագույն դատարանի նմանատիպ որոշումը: