Թրամփն իրավունք չունի սպառնալ այլ երկրներին. Բրազիլիայի նախագահ
ԱՄՆ նախագահն իրավունք չունի սպառնալ այլ երկրներին։ Այս մասին իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ քննադատելով Դոնալդ Թրամփին:
«Թրամփն իրավունք չունի առավոտյան արթնանալ և սպառնալ երկրին»,- հայտարարել է Լուլան՝ հիշեցնելով, որ ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմի և արտաքին քաղաքականության վերաբերյալ լիազորությունները բաժանում է Կոնգրեսի և նախագահի միջև։
«Կարևոր է, որ ազդեցիկ առաջնորդներն ավելի մեծ պատասխանատվություն կրեն խաղաղության պահպանման համար»,- հավելել է Բրազիլիայի նախագահը։
Հարցազրույցում Լուլան կրկնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու իր կոչը՝ ներառյալ հինգ մշտական անդամների վետոյի իրավունքի վերացումը և Աֆրիկայից ու Լատինական Ամերիկայից ավելի շատ երկրների ներգրավումը։
«Ժամանակն է վերանայել Միավորված Ազգերի Կազմակերպությունը՝ այն հեղինակավոր դարձնելու համար, հակառակ դեպքում Թրամփը ճիշտ է»,- ասել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի քննադատությանը, ըստ որի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային համակարգն այլևս արդյունավետ չէ։
Հավելենք, որ Լուլայի հայտարարությունը հնչել է Թրամփի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ եթե Իրանը Հորմուզի նեղուցը չբացի, «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա» Իրանում։


