կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 9 մարդու սպանած և մասնատած տղամարդը

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 9 մարդու սպանած և մասնատած տղամարդը

«Թվիթերյան մարդասպան» մականունը ստացած ճապոնացի Տակահիրո Սիրայշին մահապատժի է ենթարկվել կախաղանի միջոցով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի արդարադատության նախարարությունը։

Սիրայշին 9-ը մարդու սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 2020 թվականին։ Սպանությունները կատարվել էին 2017 թվականին։ Մարդասպանին ձերբակալել էին՝ նրա բնակարանի սառնարաններում 8 աղջիկների (այդ թվում՝ դեռահասների) և 1 տղամարդու մարմնի մասեր հայտնաբերելուց հետո։ Աղջիկները սպանվելուց առաջ բռնաբարվել էին։

Associated Press-ի հաղորդմամբ՝ զոհերի մեծամասնությունը ինքնասպանություն գործելու վերաբերյալ մտքեր էր հայտնել սոցիալական ցանցերում։ Սիրայշին նրանց հասցեագրված թվիթերյան գրառումներով հայտնել էր, որ պատրաստ է օգնել կյանքին վերջ տալու հարցում։ Զոհերին հրավիրելով իր բնակարան՝ նա բռնաբարել էր նրանց, ապա սպանել և մասնատել դիակները։ Սպանված միակ տղամարդը աղջիկներից մեկի ընկերն էր։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սիրայշին մահապատժի է ենթարկվել Ճապոնիայում պատժամիջոցի այդ տեսակի վերացման մասին քննարկումների ընթացքում։ Ներկայում Ճապոնիայում մահապատժի իրականացման է սպասում 105 դատապարտյալ։

 

  • Կիսվել: