շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Տաջիկստանը չի կատարել Պուտինի կալանավորման՝ ՄՔԴ-ի օրդերը․ ԵՄ

Տաջիկստանը չի կատարել Պուտինի կալանավորման՝ ՄՔԴ-ի օրդերը․ ԵՄ

Ռուսաստանի նախագահը Տաջիկստանում է՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից տրված կալանման  օրդերին։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերի հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ  Տաջիկստանը, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն, չի կատարել կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները կալանքի  օրդերը կատարելու վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «ԵՄ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների համար միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ապահովման, ինչպես նաև տուժածների արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների իրավունքի ապահովման ջանքերին:

Այս առումով ԵՄ-ն շարունակում է աջակցել Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից Ուկրաինայում անցկացվող հետաքննություններին և կոչ է անում բոլոր պետություններին համագործակցել»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանքի օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ։ Պուտինը Դուշանբե է ժամանել հոկտեմբերի 8-ին։ Սա 2022 թվականից ի վեր նրա առաջին այցն է Տաջիկստան։

  • Կիսվել: