հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի երկու քաղաքացիներին նախատեսվում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

«Արտաքսումը նախատեսված է ուրբաթ օրը»,- նշել են աղբյուրները։

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ ռուսաստանցիներ Վիկտորյա և Իգոր Ֆիլոնովներին ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո տեղափոխել են արտաքսման կենտրոն։ Միգրացիայի հարցերով վարչությունը լուծում է նրանց արտաքսման հարցը։ Ռուս դիվանագետները հարցը պահում են իրենց վերահսկողության տակ, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 14-ին գլխավոր հյուպատոսություն է ստացվել ռուսաստանցիների հարազատների դիմումը՝ նրանց ձերբակալության մասին տեղեկատվությամբ։ Ռուս դիվանագետները օպերատիվ կապ են հաստատել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի ոստիկանության բաժնի հետ, ուր տեղափոխվել էին Ռուսաստանի քաղաքացիները, և կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։

Ինչպես հայտնի է դարձել ՏԱՍՍ-ին, ռուսաստանցիների ձերբակալությունը տեղի է ունեցել այցելուների համար նախատեսված գոտում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալու վերաբերյալ կարգապահների նախազգուշացումից հետո։ Թուրքիայում գործող մզկիթի ներսում քրիստոնեական կրոնական արարողությունների անցկացումը կամ ոչ մուսուլմանական կրոնական գրականության ցուցադրական ընթերցումը որակվում է որպես հասարակական կարգի խախտում։

Ձերբակալված ռուսաստանցիների նկատմամբ ոստիկանությունում կազմվել է իրավախախտման արձանագրություն՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հիմքով («Բնակչության շրջանում ատելության կամ թշնամանքի հրահրում կամ բնակչության առանձին խմբերի նվաստացում»)։ Այն նախատեսում է ազատազրկում վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, եթե գործողությունը պոտենցիալ ռիսկ է ստեղծում հասարակական կարգի համար, և օտարերկրյա քաղաքացիների արտաքսում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ թանգարանի կարգավիճակում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձել է մզկիթ։

  • Կիսվել: