Սոմալիի իշխանություններն ԱՄԷ-ի դեսպանին 72 ժամ են տվել երկիրը լքելու համար
Այսօր Սոմալիի իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ Աբու Դաբիին մեղադրելով Աֆրիկյան եղջյուրում գտնվող պետության ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ այս շաբաթվա սկզբին Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել էր դաշնային իշխանություններին չենթարկվող զինված կազմավորումներին աջակցելու և երկրի միասնությունը խաթարելու մեջ։ Էմիրությունները հարաբերություններ են պահպանում Սոմալիի երեք տարածաշրջանների՝ Սոմալիլենդի, Պունտլենդի և Ջուբալենդի հետ։
ԱՄԷ-ի դեսպանի արտաքսման և խորհրդակցությունների նպատակով ԱՄԷ-ից Սոմալիի դեսպանին հետ կանչելու մասին Մոգադիշոյում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է տեղեկատվության նախարար Աբդիֆաթահ Կասիմ Մոհամուդը։ Որոշումն ընդունվել է վարչապետ Համզա Աբդի Բարեի նախագահությամբ կառավարության նիստից հետո։
Հաղորդվում է նաև, որ Մայրաքաղաքի իշխանությունները Սոմալիի քաղաքացիներին և տեղական համայնքների առաջնորդներին միասնության կոչ են արել՝ դիմակայելու այն ամենին, ինչ իրենք անվանել են «Էմիրությունների ագրեսիա»։ Նրանք միաժամանակ զգուշացրել են, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն նրանց նկատմամբ, ովքեր չեն հետևի այդ կոչերին։
Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը, X սոցիալական ցանցում մեկնաբանելով իրավիճակը, Մոհամուդին մեղադրել է անձնական շահերը Սոմալիի ազգային շահերից վեր դասելու մեջ։



