Սլովակիան միասնական է ԵՄ-ի հետ՝ գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի դեմ. վարչապետ
Սլովակիան ներդաշն կգործի Եվրոպական միության հետ՝ գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի դեմ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն այն բանից հետո, երբ նախարարը բարձրացրել է ռուբլով վճարելու հնարավորության մասին հարցը, եթե դա անհրաժեշտ լինի գազի մատակարարումը շարունակելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
«Այս իրավիճակում կարեւոր նշանակություն ունի միասնականությունը, եւ մենք պնդում ենք, որպեսզի պահպանվեն պայմանագրերի պայմանները եւ եվրոյով վճարումները»,- ասել է Հեգերը Ֆեյսբուքի իր գրառման մեջ։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը հայտարարել էր, որ Սլովակիան չի կարող կտրվել ռուսական գազի մատակարարումներից, եւ եթե ստիպված լինի վճարել ռուբլով, կանի դա։
Սլովակյան SPP գազային ընկերությունը վերջին վճարումն է կատարել եվրոյով։ Սուլիկն ասել է, որ հաջորդ վճարումը պետք է կատարվի մայիսի 20-ին, ինչը ժամանակ է տալիս խնդիրը լուծելու համար։