Սիրիայում ԱՄՆ հատուկջոկատայինները թուրքական բանակի գնդակոծության տակ են հայտնվել
Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում օպերացիա իրականացնող ԱՄՆ հատուկջոկատայինները թուրքական զինուժի գնդակոծման տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Ըստ աղբյուրի` ամերիկացի հատուկջոկատայինները մտադրվել են պատասխան կրակ բացել ինքնապաշտպանության համար, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից` իմանալով, որ գնդակոծությունը թուրքական բանակն է իրականացնում: Պենտագոնի ներկայացուցիչ Բրուք Դեվալդը հայտնել է, որ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
Միևնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ գնդակոծել են ամերիկյան բազան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են աջակցել Թուրքիայի գործողութունները Սիրիայում: Ամերիկյան ստորաբաժանումները սկսեցին դուրս գալ Սիրիայի տարածքից, իսկ այնտեղ բնակվող քրդերը, որոնք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, այս քայլը որակեցին որպես «հարված մեջքից»: