կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ռուսաստանը պահանջում է ՄՔԴ նախկին դատախազ Քարիմ Խանի պատասխանատվության ենթարկումը

Ռուսաստանը պահանջում է ՄՔԴ նախկին դատախազ Քարիմ Խանի պատասխանատվության ենթարկումը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Քարիմ Խանին անձեռնմխելիությունից զրկելը կարող է հնարավորություն ստեղծել նրա արտահանձնման և Ռուսաստանում պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Խանը պետք է պատասխանատվություն կրի «անմեղ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնելու փորձի և միջազգային պաշտպանություն ունեցող անձանց դեմ գործողությունների» համար։

Հիշեցնենք՝ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը։

Քարիմ Խանը ՄՔԴ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունիսից։ Վերջին տարիներին նա բազմիցս հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես, 2023 թվականին նրա նախաձեռնությամբ ՄՔԴ-ն տվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերներ՝ Ուկրաինայից երեխաների ապօրինի տեղափոխման մեղադրանքով։

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանում Խանին հեռակա կարգով դատապարտել էին 15 տարվա ազատազրկման։

  • Կիսվել: