շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանի պատժամիջոցները Gazprom Germania-ի դեմ Գերմանիայի վրա տարեկան 5 մլրդ եվրո կնստեն

Ռուսաստանի պատժամիջոցները Gazprom Germania-ի դեմ Գերմանիայի վրա տարեկան 5 մլրդ եվրո կնստեն

Ռուսաստանի պատժամիջոցները «Գազպրոմի» նախկին դուստր ձեռնարկության՝ Gazprom Germania-ի դեմ, որոնք նախատեսում են գազի մատակարարումների դադարեցում, գերմանական տնտեսության վրա տարեկան 5 մլրդ եվրո կնստեն, հղում կատարելով աղբյուրներին՝ նշել է գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթը։

Gazprom Germania-ն մայիսի 11-ին ռուսական պատժամիջոցներից հետո ստիպված է այլ մատակարարներ փնտրել։ Այս վերակողմնորոշումը խիստ լարվածություն է ստեղծում դաշնային բյուջեի համար, քանի որ գազը ստիպված են գնել ավելի բարձր գներով։ Եթե մինչեւ ուկրաինական հակամարտությունը 1 Մվտ/ժ բնական գազը Գերմանիայում 20-30 եվրո արժեր, ապա հիմա այն հասել է 85 եվրոյի, գրել է պարբերականը։ Եթե այդ գինը պահպանվի, դաշնային բյուջեի բեռնվածությունը կկազմի տարեկան մոտ 3,5 մլրդ եվրո։

Կոմունալ ձեռնարկություններին վերավաճառքի շնորհիվ երկրի կառավարությունը կկարողանա փոխհատուցել գնումների ծախսերի մեկ երրորդից ոչ ավելին, եւ այդ կերպ բյուջեի ծախսերը կկազմեն տարեկան ավելի քան 2 մլրդ եվրո, գրել է շաբաթաթերթը։ Ծախսերը կարող են ավելանալ, քանի որ գազի գները շարունակում են բարձրանալ՝ արդեն գերազանցելով 1 Մվտ/ժ-ն 100 եվրոն։ Այս միջին գնի պարագայում ծախսերը կավելանան՝ հասնելով տարեկան մինչեւ 4 մլրդ եվրոյի։

Ծախսերի մյուս լուրջ հոդվածը կապված կլինի Սաքսոնիայում բնական գազի պահեստարանը լցնելու հետ։ Օրենքով մինչեւ հոկտեմբերի 1-ը գազով լցման մակարդակը պետք է կազմի 80 տոկոս, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը՝ արդեն 90 տոկոս, որպեսզի խնդիրներ չառաջանան Ռուսաստանի գազի մատակարարումից անջատվելուց հետո։

Այդ պահեստարանը դաշնային բյուջեի հաշվին լցնելու է նաեւ կառավարությունը։ Անհրաժեշտ 3,1 մլրդ խորանարդ մետր գազի գնումը 2,5 մլրդ եվրո կարժենա։ Կառավարությունը տեխնիկական սահմանափակումների պատճառով հնարավորություն չունի սպասելու գների իջեցմանը. օրենքով սահմանված օրը պահեստարանը լցնելու համար այն պետք է սկսել արդեն այժմ, ընդգծել է Welt am Sonntag-ը։

Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց հետո «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ այլեւս չի տնօրինում գերմանական Gazprom Germania-ն։ Նա հանձնել էր ոչ այնքան հայտնի ընկերության ակտիվները, որպեսզի նրան դուրս բերի պատժամիջոցների ազդեցությունից։ Գերմանիան, իր հերթին, ապրիլի սկզբին Ցանցերի դաշնային գործակալությանը (BNetzA) Gazprom Germania վստահորդ էր նշանակել՝ մատակարարումն ապահովելու համար։

Կրեմլում, ի պատասխան, պատժամիջոցներ են մտցրել «Գազպրոմի» նախկին «դուստր» ձեռնարկության դեմ՝ արգելելով նրա հետ գործարքներ կնքել։ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը այն ժամանակ ասել էր, որ «շուկան կկարողանա փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», գրել է «Немецкая волна»-ն։

  • Կիսվել: