երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
«Ռոսատոմը» կասկած չունի, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը հնարավոր է երկարաձգել մինչև 2036 թվականը․ Լիխաչով

«Ռոսատոմը» կասկած չունի, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը հնարավոր է երկարաձգել մինչև 2036 թվականը․ Լիխաչով

«Ռոսատոմը» տեխնիկական խոչընդոտներ չի տեսնում Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հարցում։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ արդեն իսկ զգալի ծավալի աշխատանքներ է իրականացրել կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։

Լիխաչովը նշել է, որ երկարաձգման հերթական փուլի հետ կապված աշխատանքների հիմնական մասն ավարտված է, իսկ աշխատանքային խմբի շրջանակում արձանագրվել է արտադրական առաջադրանքների 100-տոկոսանոց կատարում։

«Ինչպես ես, այնպես էլ մեր մասնագետները կասկած չունենք, որ կայանի շահագործումը կերկարաձգվի մինչև 2036 թվականը», — հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ Լիխաչովն ընդգծել է, որ վերջնական որոշումը պատկանում է շահագործող կազմակերպությանը, բուն կայանին և միջուկային վերահսկողության ոլորտի կարգավորող մարմնին։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» մասնագետներն ունեն նմանատիպ էներգաբլոկների շահագործման երկարաձգման համապատասխան փորձ։ Ուստի, ըստ Լիխաչովի, այժմ անհրաժեշտ է ավարտին հասցնել անհրաժեշտ աշխատանքների ամբողջ համալիրը։

Միաժամանակ ռուսական կողմը Հայաստանի հետ քննարկում է նաև առավել երկարաժամկետ տարբերակ՝ կայանի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Լիխաչովը տեղեկացրել է, որ նման երկարաձգման տեխնիկական հնարավորություն տեսականորեն գոյություն ունի, և «Ռոսատոմը» պատրաստ է կազմակերպել համապատասխան աշխատանքները, եթե հայկական կողմը նման որոշում կայացնի։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տեխնիկական հնարավորությունը, այլև տնտեսական նպատակահարմարությունը։

Այս ֆոնին նոր էներգաբլոկի կառուցման հարցը, նրա խոսքով, դառնում է Հայաստանի ատոմային էներգետիկայի հետագա զարգացման առանցքային ուղղություններից մեկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: