երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՌԴ ՊՆ արդեն հինգերորդ գեներալն է կալանավորվել կոռուպցիոն գործով

ՌԴ ՊՆ արդեն հինգերորդ գեներալն է կալանավորվել կոռուպցիոն գործով

Ռուսաստանի ԱԴԾ-ն կոռուպցիոն գործով ձերբակալել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Դմիտրի Բուլգակովին, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գեներալը ձերբակալվել և տեղավորվել է Մոսկվայի «Բուտիրկա» քննչական մեկուսարանում, և նրա հետ կատարվում են քննչական գործողություններ։

«ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հետաքննում է կոռուպցիայի հետ կապված քրեական գործը, որով կալանքի խափանման միջոց է ընտրվել Դմիտրի Բուլգակովի նկատմամբ, ով 2008-2022 թվականներին զբաղեցրել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Ամբաստանյալի հետ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Բուլգակովը Պաշտպանության նախարարությունում պատասխանատու էր բանակի նյութատեխնիկական ապահովման համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Նրան այս պաշտոնում փոխարինել է գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, ով նախկինում զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը:

Բուլգակովը դարձել է հինգերորդ գեներալը, որը ձերբակալվել է ապրիլի վերջից ի վեր:

  • Կիսվել: