Թեհրանը Վաշինգտոնին զգուշացրել է չհարձակվել Իրանի վրա
Թեհրանը Վաշինգտոնին զգուշացնում է ձեռնպահ մնալ Իրանի վրա հարձակվելուց՝ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ և թե՛ դրանցից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ Ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե Միացյալ Նահանգները կարող է ուժգնացնել հարվածները նոյեմբերին սպասվող ընտրություններից հետո, ինչպես նաև չէր բացառել, որ կրակը կարող է վերսկսվել նախքան քվեարկությունը։
«Ընտրություններից առաջ թե հետո, անկախ դրանց ելքից՝ եթե նրանք (ԱՄՆ-ը) ինքնուրույն կամ (Իսրայելի) դրդմամբ որևէ քայլ ձեռնարկեն Իրանի դեմ, Իսլամական Հանրապետության զինված ուժերն անմիջապես, հզոր ու ցավոտ հարված կհասցնեն ամերիկյան շահերին՝ առանց որևէ սահմանափակման։ Դրան դուք արդեն ականատես եք եղել Ռամադան ամսվա պատերազմի ժամանակ (փետրվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ-Իսրայել և Իրան հակամարտության թեժ փուլում)», — Աբդոլահիի խոսքն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը նաև հավելել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «կրակը կլանելու է բոլորին»։
Անդրադառնալով ԱԷՄԳ-ին (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)՝ Աբդոլահին նշել է, որ կառույցը պետք է զերծ մնա Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ հայտարարություններից և «գառան մորթի հագած գայլի» դեր չխաղա։ Նրա խոսքով՝ Թեհրանի՝ միջուկային զենք ստանալու ձգտման մասին պնդումները մեծ սուտ են, որոնք կարող են առիթ դառնալ Իրանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել էին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, ինչին Թեհրանը պատասխանել էր հակահարվածներով։ Հունիսի կեսերին կողմերը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր էին ստորագրել, սակայն որոշ ժամանակ անց կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։



