ՌԴ-ն արձագանքել է Բաքվի հայտարարություններին՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի վթարի հետ
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայաարարությանը «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ, որում Բաքուն արտահայտում էր իր դժգոհությունը։
Ինչպես նշվում է՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների հարցի վերաբերյալ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը նախորդ օրը մանրամասն բացատրություններ է տվել։ Ներկայացված տվյալներն ու թվերը որևէ առարկություն չեն առաջացրել, դրանք փաստեր են։
«Տարօրինակ է նաև այն թեզը, ըստ որի, իբր, սխալ է «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի դիրքորոշումը, որում հայտարարել է, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը, իբր, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն է, և որպես հարաբերությունների բարելավման պայման առաջադրել է նրանց ազատ արձակումը։ Մենք համառորեն փորձում էինք գտնել «Արտգործնախարարության մամուլի քարտուղար», որը կասեր սա, բայց չգտանք»,-նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ սեպտեմբերի 4-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան բառացիորեն նշել է հետևյալը. «Ընդգծում ենք. Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թեման մանրամասն քննարկվել է այս տարվա օգոստոսի 22-ին Աստրախանում անցկացված ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում։ Ռուսաստանի դիրքորոշումը մանրամասնորեն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը»։
ՌԴ ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննությունը, որը անցկացվել է Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության մասնակցությամբ, դեռևս չի ավարտվել: «Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մեր երկիրը ձգտում է պարզել ողբերգության հանգամանքները և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանք է առաջացնում է և մոլորեցնում է հանրությանը»։


