Քաբուլն ամբողջությամբ կարող է զրկվել ջրից
Հնարավոր է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլն ամբողջովին զրկվի ջրից։ Այս մասին համապատասխան զեկույցով զգուշացնում են փորձագետները:
Մասնավորապես, Mercy Corps կազմակերպության զեկույցի համաձայն, վերջին տասնամյակում կլիմայական փոփոխությունների պատճառով քաղաքի ստորգետնյա ջրերի մակարդակն ընկել է 30 մետրով: Քաղաքի հորերի գրեթե կեսը, որոնք խմելու ջրի հիմնական աղբյուրերն են բնակիչների համար, արդեն ցամաքել են, մինչդեռ ջրի սպառումը տարեկան 44 միլիոն խորանարդ մետրով գերազանցում է բնական վերականգնման տեմպերը։
Ըստ փորձագետների՝ եթե այս միտումները շարունակվեն, մինչև 2030 թվականը 7 ,լն բնակչություն ունեցող Քաբուլի ջրային բոլոր պաշարները կսպառվեն:
Բացի դրանից՝ զեկույցում նշվում է նաև ջրի աղտոտվածության խնդիրը։ Քաբուլի ստորգետնյա ջրերի մինչև 80 տոկոսը համարվում է վտանգավոր՝ կոյուղաջրերի, աղի և մկնդեղի բարձր պարունակության պատճառով։
Ջրի հասանելիությունը դարձել է ամենօրյա մարտահրավեր քաղաքի բնակիչների համար։ Որոշ ընտանիքներ իրենց եկամտի մինչև 30 տոկոսը ծախսում են ջրի վրա, իսկ մասնավոր ընկերություններն արդյունահանում են ստորգետնյա ջրերը և դրանք բարձր գներով վաճառում քաղաքի բնակիչներին։
Ուստի փորձագետները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ աղֆան ժողովրդին փրկելու այս ճգնաժամից: