Պուտինի, Լավրովի և Միշուստինի ընտանիքների, ինչպես նաև ՌԴ խոշորագույն բանկի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ն այսօր հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն բանկի եւ մի քանի կարեւոր պետական ձեռնարկությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի պետական անձանց եւ նրանց ընտանիքների անդամների դեմ պատժամիջոցների եւ Ռուսաստանում նոր ներդրումներն արգելելու մասին, որոնք համաձայնեցվել են G7-ի եւ ԵՄ-ի հետ, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է՝ ամբողջական արգելափակող պատժամիջոցներ են կիրառվում ռուսական ՛՛Սբերբանկ՛՛-ի եւ ՛՛Ալֆա-Բանկ՛՛-ի, ռուսական կարեւորագույն խոշոր ձեռնարկությունների նկատմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում նոր ներդրումների արգելք է սահմանվում։
Սպիտակ տունը նաեւ հայտարարել է ՛՛ռուսական վերնախավի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ամբողջովին արգելափակող պատժամիջոցների մասին՝ ներառյալ նախագահ Պուտինի չափահաս զավակների, արտգործնախարար Լավրովի կնոջ եւ դստեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Միխայիլ Միշուստինի դեմ պատժամիջոցները՛՛: