Պատերազմ Թուրքիայի դեմ. Լիբիական ազգային բանակի հրամանատարը ջիհադ է հայտարարել
Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը համախմբման կոչ է արել լիբիացիներին՝ «Լիբիա ուղարկված օտարերկրյա ուժերին դուրս հանելու համար»: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
«Մենք կմոռանանք մեր տարաձայնությունների մասին, ջիհադ և զանգվածային համախմբում կհայտարարենք: Զենք կվերցնեն տղամարդիկ և կանայք, զինվորականներն ու քաղաքացիականները: Մենք պատրաստվում ենք ամբողջ ուժով և հավատով, որն Աստված ներդրել է մեր սրտերում, մեր հողն ու մեր պատիվը պաշտպանելու համար: Այդ իսկ պատճառով մենք մարտահրավեր ենք նետում մեր նկատմամբ խնամակալություն երազողին»,- հայտարարել է գեներալը:
Գեներալը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լիբիայում և ամբողջ տարածաշրջանում օսմանյան ժառանգությունը վերականգնելու արշավ սկսելու համար: Այս ամենի դեմ պայքարելու համար Հաֆթարը կոչ է արել լիբիացիներին միավորվել, զենք վերցնել և պայքարել «այս գաղութացման դեմ»: Նա քննադատել է Անկարայի մտադրությունը՝ Տրիպոլի զորք ուղարկելու վերաբերյալ: