Պակիստանը թուրքական անօդաչուներ է օգտագործել. Հնդկաստան
Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը Պակիստանին մեղադրել է թուրքական ԱԹՍ–ներ օգտագործելու համար, տեղեկացնում է India Today-ը։
Նշվում է, որ Հնդկաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից 36 ռազմական և քաղաքացիական օբյեկտներ թիրախավորած՝ Պակիստանի անօդաչուների խոշոր հարձակումը հաջողությամբ կանխելուց մի քանի ժամ անց իշխանությունները հաստատեցին, որ անօդաչուները, հավանաբար, թուրքական Asisguard Songar զինված ԱԹՍ-ներ էին։
Գնդապետ Սոֆիա Քուրեշին նշել է. «Մենք խոցեցինք այդ անօդաչուները` օգտագործելով ինչպես կինետիկ, այնպես էլ ոչ կինետիկ միջոցներ։ Հավանական նպատակը մեր ՀՕՊ համակարգերի ստուգումն ու հետախուզական տվյալներ հավաքելն էր։ Այժմ անօդաչուների բեկորների փորձաքննություն է իրականացվում։ Նախնական զեկույցները ցույց են տալիս, որ անօդաչուները թուրքական արտադրության Asisguard Songar մոդելներ են»:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։
Հավելենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին: