չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Նոր հարվածներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Իրանը հայտնել է զոհերի և վիրավորների մասին

Նոր հարվածներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Իրանը հայտնել է զոհերի և վիրավորների մասին

Սեպտեմբերի 1-ի երեկոյան ԱՄՆ-ն և Իրանն ինտենսիվ հարվածներ են փոխանակել։ Իրանը հայտնել է, որ ամերիկյան հարվածներից հարսանեկան արարողության բազմաթիվ մասնակիցներ են զոհվել և վիրավորվել։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտնել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախների, այդ թվում՝ ՀՕՊ կայանքների, ռադարային համակարգերի, ծովային օբյեկտների, ականապատման հնարավորությունների և կապի կայանների։

«Հարվածները հաջորդել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և ամերիկացի զինծառայողների դեմ ԻՀՊԿ-ի կողմից վերջերս կատարված հարձակումների փորձերին», - գրել է CENTCOM-ը՝ հավելելով, որ Մերձավոր Արևելքում այժմ տեղակայված է ավելի քան 50 000 ամերիկացի զինծառայող։

Ըստ իրանական պետական ԶԼՄ-ների՝ պայթյուններ են լսվել Թեհրանում, Կոնարակում, Չաբահարում, Բանդար Աբբասում, Կանգանում, Ջասկում և Ղեշմ կղզում։ Տեղեկություններ են հաղորդվել նաև Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի օդանավակայանին ամերիկյան ավիահարվածների մասին։ Թիրախավորվել է նաև Բուշերի նահանգի Ասալույե քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը։

Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքում հարվածի տակ է հայտնվել բնակելի տուն, որտեղ հարսանեկան արարողություն էր ընթանում։ Ըստ Իրանի Կարմիր մահիկի՝ զոհվել է 5 մարդ։ Mehr գործակալությունը նշում է, որ զոհերի թվում կա 4-ամյա երեխա։ IRNA-ն, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է նաև 68 վիրավորի մասին։

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ ի պատասխան այս հարձակման՝ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմածովային ուժերի զորանոցները, որի հետևանքով մեծ թվով ամերիկացի զինծառայողներ են զոհվել, ոչնչացվել են կարևոր կայանքներ և հարվածային ուղղաթիռներ։

Հորդանանի զինված ուժերը հայտնել է, որ երկրի օդային տարածք է մտել 13 բալիստիկ հրթիռ, որոնցից տասը խոցվել է, երեքն՝ ընկել հեռու վայրերում։ Չնայած ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորդանանում ամերիկյան ուժերը մեծ կորուստներ են կրել, սակայն ամերիկացի երկու պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։

Բահրեյնն իր հերթին հայտնել է, որ կալանել և ոչնչացրել է իրանական անօդաչու թռչող սարքեր։

ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորել է Իրաքի Էրբիլում ամերիկյան ռազմաբազաներ՝ սպանելով ամերիկացի մի քանի զինծառայողի։ Իրաքը և ԱՄՆ-ն այս հարձակումը չեն հաստատել։

Իրանն ու ԱՄՆ-ն մեկ ամսվա դադարից հետո հարվածներ էին փոխանակել նաև օգոստոսի 30-ին։

 

  • Կիսվել: