Նեթանյահուն ՑԱԽԱԼ-ին հրամայել է իր վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի տարածքի 70 տոկոսը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին՝ ՑԱԽԱԼ-ին, հանձնարարել է իր վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի տարածքի 70 տոկոսը։ Այս մասին նա հայտնել է «Էյն Պրատ» առաջնորդության ակադեմիայի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետը, մասնավորապես, ասել է. «Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը, և իմ հրահանգն է՝ հասնել 70 տոկոսի»:
Երբ ունկնդիրներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է գրավի Գազայի տարածքի 100 տոկոսը, Նեթանյահուն պատասխանել է. «Մենք գործում ենք ըստ հերթականության»։
Միևնույն ժամանակ նա չի հերքել, որ դա կարող է լինել վերջնական նպատակը։ «Առաջին 70 տոկոսը. մենք կսկսենք դրանից»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելն արդեն վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը, ինչը զգալիորեն ավելին է, քան այն, ինչ նա պետք է վերահսկեր։
Մարտ ամսին Իսրայելի հրապարակած քարտեզների վրա ցուցադրվել է նոր արգելված գոտի՝ Գազայի տարածքի 53 տոկոսից դուրս, որն Իսրայելը վերահսկում էր հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո։
Քարտեզների վրա նարնջագույն գծով նշված արգելված գոտին, ըստ գնահատականների, կազմում է Գազայի տարածքի 11%-ը՝ «դեղին գծից» դուրս, որը սահմանազատում է Գազայի այն հատվածը, որն օկուպացրել են իսրայելական զորքերը հրադադարի կնքումից հետո։
Ընդհանուր առմամբ, այդ շրջանները շրջափակում են Գազայի տարածքի գրեթե երկու երրորդը։



