երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Նախագահ Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը. Ստեֆանչուկ

Նախագահ Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը. Ստեֆանչուկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը՝ Սահմանադրության և մյուս օրենքների համաձայն, հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։ Այդպես նա արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին, որն իրեն և Ուկրաինայի խորհրդարանն անվանել է «երկրի միակ օրինական իշխանությունը»։

Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է, որ, «նախնական գնահատականով»՝ Ուկրաինայում «միակ օրինական իշխանությունը խորհրդարանն է և Ռադայի նախագահը»։ Պուտինը վկայակոչել է Ուկրաինայի Սահմանադրության 111-րդ հոդվածը, ըստ որի՝ ռազմական դրության պատճառով նախագահի ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում ընտրություն չի անցկացվում, գերագույն իշխանության լիազորությունները փոխանցվում են խորհրդարանի նախագահին:

Ըստ Ուկրաինայի օրենսդիրների՝ երկրում գործող օրենքներն ուղղակիորեն և միանշանակ արգելում են ռազմական դրության պայմաններում փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, անցկացնել համաուկրաինական և տեղական հանրաքվեներ, ինչպես նաև ցանկացած նախագահի, խորհրդարանի կամ տեղական ընտրություն։

«Ուկրաինայի նախագահն իր լիազորություններն իրականացնում է այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նորընտիր նախագահը չի ստանձնել այդ պաշտոնը։ Ժողովրդավարական հասարակություններում դա կոչվում է իշխանության շարունակականություն»,- գրել է Ստեֆանչուկը Ֆեյսբուքում։

  • Կիսվել: