շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ

ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 6-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Իրականացման հարցերով օժանդակ մարմնի 7-րդ նիստի՝ SBI-7-ի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Էկոհամակարգերի բաժնի տնօրեն Սյուզան Գարդների հետ։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև բաժնի մասնագիտացված ստորաբաժանումների և UNEP-ի Համաշխարհային բնապահպանական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ UNEP-ի կողմից արդեն տրամադրվող, ինչպես նաև հետագա հնարավոր փորձագիտական և տեխնիկական աջակցության շրջանակները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ աջակցության ծրագրերին, COP17-ի նախագահության շրջանակում նախատեսվող գործընթացներին, երիտասարդների և մասնավոր հատվածի ներգրավմանը, ինչպես նաև «Լեռների և քաղցրահամ ջրերի օր» թեմատիկ միջոցառման կազմակերպմանն աջակցելու հնարավորություններին։

Կողմերը քննարկել են նաև Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը, Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) մշակմանն ու իրականացմանը, ազգային հաշվետվությունների պատրաստմանը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրերի շրջանակում հնարավոր սիներգիաների ձևավորմանը, ինչպես նաև Կալիի հիմնադրամի և Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամի շրջանակներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին ընդգծվել է UNEP-ի հետ շարունակական աշխատանքային համագործակցության կարևորությունը՝ COP17-ին ընդառաջ և Հայաստանի նախագահության ընթացքում երկրի առաջնահերթություններին համապատասխան կոնկրետ աջակցության մեխանիզմների ու համատեղ նախաձեռնությունների ձևավորման նպատակով։

  • Կիսվել: