շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ասադի և Էրդողանի հանդիպման համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ասադի և Էրդողանի հանդիպման համար. ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը կազմակերպելու համար լուրջ նախապատրաստություն է պահանջվում. Մոսկվան պատրաստ է ընդունել նման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
 
«Մենք միշտ պատրաստ ենք և՛ Մոսկվայում հանդիպումներ անցկացնել, և՛ եռակողմ ձևաչաձով։ Նկատի ունեմ երկու անմիջական շահագրգիռ կողմերի՝ պաշտոնական Դամասկոսի և Անկարայի ներկայացուցիչների հետ։ Եվ, իհարկե, մենք կապի մեջ ենք իրանցիների և իրաքցիների հետ։ Նրանք նույնպես շատ շահագրգռված են Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմամբ, ինչը դրականորեն կանդրադառնա Սիրիայում և Սիրիայի շուրջ ընդհանուր իրավիճակի վրա», - հայտարարել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան հարթակ է առաջարկել երկու նախագահների հնարավոր հանդիպման համար, Բոգդանովը հայտարարել է, որ ինքը նման տեղեկություն չունի:
 
«Մենք կողմ ենք, որպեսզի ընթանա Թուրքիայի Հանրապետության և Սիրիայի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է նա լրագրողներին:
Ասադը հուլիսի 15-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ, եթե դա համապատասխանի Սիրիայի ազգային շահերին:

  • Կիսվել: