Մենք մեծապես շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղությամբ. Դոքերթին՝ Բաքվում
«Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։
Նա կարծիք է հայտնել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ՝ ասելով. «Պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է։ Այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։
Եթե մենք կարողանանք միասին բարելավել ենթակառուցվածքները և կապերը, ապա բոլոր շրջանները կշահեն: «Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին»։
Դոքերթին նաև ասել է, թե շահագրգռված են ենթակառուցվածքների բարելավման գործում դերակատարում ունենալ: Ըստ նրա՝ սա տարածաշրջանը ավելի կայուն կդարձնի։
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ։
«Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղությամբ։ Այս շաբաթ եղել եմ Երևանում, Թբիլիսիում, իսկ հիմա գտնվում եմ Բաքվում։ Մենք շատ ակտիվ մասնակցում ենք այդ գործընթացին և կարծում ենք՝ խաղաղության ամրապնդման ակնհայտ հնարավորություն կա․ աջակցում ենք դա ապահովող ցանկացած մեխանիզմի»,-նշել է նա։
Դոքերթին նշել է, որ խաղաղության գործընթացում կարևոր դեր են խաղում ինչպես եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել երկխոսությանը՝ ներկայում եզակի հնարավորություն տեսնելով երկու կողմերի համար:
Բացի այդ, ՄԹ նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի մեծագույն դաշնակիցն է և ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Դոքերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համոզվածություն հայտնելով, որ կառաջնորդվեն երկրների շահերով։