Մաքսատուրքերից տուժած Ուոլ Սթրիթը մտածում է՝ արդյոք Թրամփը կհանձնվի
Ներդրողները փորձում են հասկանալ՝ որքան ժամանակ կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմանալ բաժնետոմսերի շարունակական անկմանը։ Նրա մաքսային քաղաքականության հետևանքով Ուոլ Սթրիթի ցուցանիշները նվազել են ավելի քան 10 տոկոսով։ Չնայած դրան՝ որոշ ներդրողներ դեռ հույս ունեն, որ իրավիճակը կարող է փոխվել. գրում է Reuters-ը։
Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ներդրողներն ակնկալում էին, որ գոյություն ունի այսպես կոչված «Թրամփի պաշտպանություն»՝ շուկայի անկման դեպքում նախագահը կարձագանքի՝ կանխելով ֆինանսական կորուստները։ Թրամփը հաճախ ներկայացնում էր ֆոնդային շուկայի աճը որպես իր տնտեսական քաղաքականության հաջողության ապացույց։ Այդ ժամանակահատվածում S&P 500 ցուցիչը աճել էր 68 տոկոսով՝ սահմանելով մի շարք ռեկորդներ։
Սակայն այժմ ներդրողների շրջանում հավատը սկսում է մարել։ Նրանք ենթադրում են, որ Թրամփը պատրաստ է դիմակայել շուկայի խորացող անկումներին։ Նրան երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո՝ այս տարվա հունվարից, S&P 500-ը նվազել է մոտ 15 տոկոսով, իսկ Nasdaq-ը՝ 20 տոկոսով։
«Մաքսատուրքերը և առևտրային քաղաքականությունն առանցքային են Թրամփի պատկերացման մեջ, և ես չեմ կարծում, որ նա կձանձրանա դրանցից», — նշել է Angeles Investments-ի գլխավոր ներդրումային տնօրեն Մայքլ Ռոզենը։ Նրա խոսքով՝ նախագահը դեռ հեռու է այն կետից, երբ շուկայի ճնշումը կստիպի փոխել կուրսը։
Թեև նախկինում ներդրողները վստահ էին, որ Թրամփի բիզնեսին միտված մոտեցումը կխթանի շուկան, վերջին շաբաթների ընթացքում նրա առևտրային քաղաքականությունն ավելի շուտ խուճապի ալիք է բարձրացրել։ Հիմա նրանք քննարկում են՝ արդյոք «Թրամփի պաշտպանությունը» ընդմիշտ վերացել է, թե՞ այն կվերադառնա, եթե ապագայում կնքվեն նոր առևտրային համաձայնագրեր։
Unlimited Funds-ի ղեկավար Բոբ Էլիոթը կարծում է, որ շուկայի անկումը պետք է ավելի խորանա, որպեսզի Թրամփը վերանայի իր քաղաքականությունը։ «20-30 տոկոսանոց անկում է անհրաժեշտ։ Ներկայիս կորուստները դեռ բավարար չեն», — ասել է նա։
Որոշ ներդրողներ, սակայն, ավելի լավատես են՝ կարծելով, որ շուկայի շարունակական անկումը ի վերջո ստիպելու է նախագահին փոխել իր մոտեցումը։
«Չեմ կարծում, որ Թրամփը երկար ժամանակ կհանդուրժի բաժնետոմսերի կտրուկ անկումը։ Նա կհասկանա, որ իր ժողովրդականությունը նվազում է, ինչը կարող է վտանգել նրա ողջ քաղաքական օրակարգը», — նշել է Bel Air Investment Advisors-ի գործընկեր Քևին Ֆիլիպը։ «Նա ստիպված կլինի գնալ գործարքների կամ փոխել կուրսը. այլ ելք պարզապես չկա»։