Կյանքից հեռացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին
Իտալիայում մահացել է աշխարհահռչակ ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որն ընտանեկան «Bulgari» ապրանքանիշը դուրս բերեց բարձր նորաձևության աշխարհ։ Այս մասին տեղեկացնում է La Repubblica թերթը՝ հավելելով, որ նա 89 տարեկան էր։
Նշվում է, որ ոսկերչական ապրանքանիշը հիմնադրել է Պաոլոյի պապը՝ հույն ներգաղթյալ Սոտիրիոս Բուլգարին։ Նա Հռոմ է մեկնել՝ գրպանում ունենալով ընդամենը մի քանի մետաղադրամ։ Իր առաջին արծաթյա իրերի խանութը բացել է 1894 թվականին։
«Bulgari»-ին իր ծաղկման գագաթնակետին հասավ 1960–1970-ականներին, երբ ապրանքանիշի հաճախորդների շարքում հայտնվեցին կինոաստղերը։ Ընկերությունը պահպանեց ընտանեկան բիզնեսի կարգավիճակը մինչև 2011 թվականը, երբ այն գնեց ֆրանսիական LVMH կոնսորցիումը։



