Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին. պատճառը հայտնի է
Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը նախօրեին՝ օգոստոսի 1-ին, Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին կանչել է նախարարություն և բողոքի նոտա հանձնել Կիևի դեմ իրականացված զանգվածային հրթիռային հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ Լիտվայի դեսպանատան շենքը: Այս մասին տեղեկացնում է Delfi-ն։
Նշվում է, որ Լիտվայի ԱԳՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 1-ի գիշերը Ռուսաստանը հերթական լայնածավալ հարվածն է հասցրել Ուկրաինային։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Կիևում Լիտվայի դեսպանատան մոտ ընկել է երկու հրթիռ՝ մեկը շենքից մոտ 150 մետր հեռավորության վրա, մյուսը՝ ընդամենը 10 մետր հեռավորության վրա։
Բողոքի նոտայում Վիլնյուսը դատապարտել է հարձակումը, դիվանագիտական ներկայացուցչության վնասումը և դեսպանատան աշխատակիցների անվտանգությանը սպառնացող վտանգը։
Ըստ Լիտվայի ԱԳՆ-ի՝ նման գործողությունները 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում են։
Լիտվան հայտարարել է, որ հասցված վնասի գնահատումից հետո Ռուսաստանից կպահանջի փոխհատուցում և իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել լրացուցիչ պատասխան միջոցներ։
Հաղորդվում է նաև, որ Վիլնյուսը կրկին կոչ է արել Մոսկվային անհապաղ դադարեցնել հակամարտության սրումը, կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ, դուրս բերել ռուսաստանյան զորքերը Ուկրաինայի տարածքից՝ միջազգային ճանաչված սահմանների շրջանակում, և փոխհատուցել երկրին հասցված վնասը։



