երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Լիբանանցի զինվորականների տեղակայման ժամանակ իսրայելական ուժերը կրակ են բացել բանակի ստորաբաժանումների շրջակայքում. Լիբանանի բանակ

Լիբանանցի զինվորականների տեղակայման ժամանակ իսրայելական ուժերը կրակ են բացել բանակի ստորաբաժանումների շրջակայքում. Լիբանանի բանակ

Լիբանանի բանակի հրամանատարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում լիբանանցի զինվորականների տեղակայման ժամանակ իսրայելական ուժերը կրակ են բացել բանակի ստորաբաժանումներից ոչ հեռու, տեղեկացնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալություն՝ NNA-ն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Զինվորական ստորաբաժանումների՝ Նաբատիեի Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում տեղակայման ժամանակ իսրայելական օկուպացիոն ուժերը կրակ են բացել այդ ստորաբաժանումների մոտակայքում»:

Նշվում է նաև, որ այս հարձակումը կխոչընդոտի, այսպես կոչված, «փորձնական գոտիներում» տեղակայման գործողությունների իրականացմանը, որն ընթանում է Լիբանանի ռազմական համակարգման խմբի (MCG4L- Military Coordination Group for Lebanon) հետ կապի շրջանակներում։

Բանակի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին չմեկնել քաղաք մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ իր զինվորները սկսել են տեղակայվել հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, ըստ որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

  • Կիսվել: