չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Իրանը համարում է, որ ԱՄՆ-ի հետ հունիսին կնքված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ. Թեհրանը մտադիր է վերադառնալ Վաշինգտոնի հետ հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու ուղուն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ և հույս ունի վերադառնալ դիվանագիտական ​​կարգավորմանը և միաժամանակ մտադիր է վճռականորեն պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։ Իրանական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ», - մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Արաղչին նաև նշել է, որ Իրանն աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված չորս նախաձեռնություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում ընդհանուր անվտանգությանը նպաստելուն։

«Իրանական կողմը ողջունում և պաշտպանում է Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով նախագահ Սի Ծինփինի ներկայացրած չորս առաջարկները, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր անվտանգության խթանմանն ուղղված չորս նախաձեռնությունները։ Իրանը պատրաստ է այս շրջանակներում ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և ակնկալում է, որ չինական կողմն ավելի նշանակալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Սի Ծինփինը չորս նախաձեռնությունները ներկայացրել է սեպտեմբերի 2-ին Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցությունների ընթացքում։ Դրանք կոչ են անում ամրապնդել մերձավորարևելյան երկրների ինքնուրույն դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, համալիր կերպով լուծել փոխկապակցված ճգնաժամերը, ամրապնդել երկարաժամկետ կայունության տնտեսական հիմքը և ուժեղացնել միջազգային համակարգումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։

Վան Իի հետ հանդիպման ժամանակ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ծրագիրը։

Վան Ին հերթին հայտարարել է, որ Չինաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է և պատրաստ է պաշտպանել Իսլամական Հանրապետության օրինական շահերը։

Չինաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին, և կոչ է արել վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին։

 

  • Կիսվել: