Կոչ ենք անում դադարեցնել հարձակումը. Գերմանիան՝ Թուրքիային
Գերմանիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ կոչ է արել Անկարային դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ դա սպառնում է «մարդասիրական հետագա աղետով եւ մարդկանց տեղափոխմամբ»,-տեղեկացնում է AP-ը։
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ իրենք ամենավճռական կերպով դատապարտում են Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիայի գործողությունները կարող են էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը եւ ամրապնդել ԻՊ-ի դիրքերը։
Մաասն ընդգծել է, որ երկարատև պատերազմից հետո այսօր Սիրիային կայուացում է պետք, և առաջին քայլը պետք է լինի առաջիկայում սահմանադրական հանձնաժողովի գումարումը։
«Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել իր հարձակումը եւ անվտանգության ոլորտում խաղաղ ճանապարհով պաշտպանել իր շահերը»,-նշել է Գերմանիայի արտգործնախարարը: