կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Կատարը հերքել է օդաչուներին գերեվարելու վերաբերյալ Իրանի մեղադրանքը

Կատարը հերքել է օդաչուներին գերեվարելու վերաբերյալ Իրանի մեղադրանքը

Կատարը հերքել է Իրանի պնդումները, թե իր զինծառայողները գերեվարել են երեք իրանցի օդաչուների՝ հայտարարելով, որ նրանցից մեկը զոհվել է երկրի օդային տարածքը խախտելուց հետո, հաղորդում է Reuters-ը։

Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ իրանցի օդաչուները մարտին խախտել են էմիրության օդային տարածքը և չեն արձագանքել նրանց հետ կապ հաստատելու փորձերին։ Ավելի ուշ որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են օդաչուներից մեկի աճյունը։ Կատարը Իրանին տեղեկացրել է հայտնաբերման մասին և առաջարկել համակարգել աճյունի փոխանցումը։

Ըստ Կատարի ներկայացուցչի, Թեհրանը դեռ չի արձագանքել տեղի ունեցածի մանրամասներին ծանոթանալու և միջադեպի հետ կապված գործողությունները քննարկելու հրավերին։

Կատարի հայտարարությունը հաջորդել է իրանական լրատվամիջոցների հրապարակումներին։ Դրանք, հղում անելով բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի, հայտնել էին, որ երեք իրանցի օդաչուները գերեվարվել են կատարական ուժերի կողմից այն բանից հետո, երբ նրանք կատապուլտվել էին կործանիչներից՝ Կատարում գտնվող ռազմական բազային հարված հասցնելու մարտական առաջադրանքի ընթացքում։

Իրանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կոչ է արել պարզել օդաչուների ճակատագիրը։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով, գործողությունն իրականացվել է որպես Իրանի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, որոնք սկսվել էին փետրվարի 28-ին։ Կատարն իր հերթին հայտարարել է, որ ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել իր տարածքը պաշտպանելու համար՝ իր օդային տարածքի խախտումից և օդաչուների կողմից իրենց հետ կապ հաստատելու փորձերին չարձագանքելուց հետո։

  • Կիսվել: