Կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա. Ֆոն դեր Լայենը՝ գրենլանդացիներին
Եվրամիությունը հարգում է Գրենլանդիայի ժողովրդի շահերն ու ցանկությունները և վերջին տարվա ընթացքում զգալիորեն ակտիվացրել է իր փոխգործակցությունը կղզու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն անցյալ տարի կղզում բացել է իր ներկայացուցչությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրեր է իրականացնում Գրենլանդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու համար:
՛՛Կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա՛՛,-դիմելով գրենլանդացիներին՝ ասել է Ֆոն դեր Լայենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան հայտարարել էր Գրենլանդիայում իր հյուպատոսությունը բացելու մասին:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն այդ քայլն անվանել է ՛՛քաղաքական ազդանշան, որը ցույց է տալիս կղզում իրենց ներկայությունն ամրապնդելու ցանկությունը՛՛։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:
՛՛Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ, ուզեն, թե չուզեն։ Որովհետև, եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ Ռուսաստանը կամ Չինաստանը:
Ես կցանկանայի գործարքը կնքել, գիտեք, ամենապարզ ձևով։ Բայց եթե մենք չկարողանանք դա անել, ապա կգնանք բարդ ճանապարհով՛՛,-ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։


