Կանադան կասեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ նոր հարկը
Կանադան կիրակի ուշ երեկոյան կասեցրել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ուղղված թվային ծառայությունների հարկի գործողությունը՝ այն ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այս քայլը, ըստ Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարության, միտված է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների առաջմղմանը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում են վերսկսել առևտրային բանակցությունները՝ նպատակ ունենալով մինչև հուլիսի 21-ը հասնել համաձայնության։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, նախագահ Թրամփը կտրուկ դադարեցրել էր բանակցությունները՝ թվային ծառայությունների հարկը որակելով որպես «ակնհայտ հարձակում» ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Կիրակի օրը նա վերահաստատել էր իր հայտարարությունները՝ ընդգծելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կսահմանի նոր մաքսատուրքեր կանադական ապրանքների նկատմամբ։