չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Կալասը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին

Կալասը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին

Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով դրոնի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որը Գերմանիայի իշխանությունները որակել են որպես Մոսկվայի կողմից դիվերսիա իրականացնելու փորձ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սեպտեմբերի 2-ին կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կարեն Մալայանին:

«Լայպցիգի հարձակումները կրում են պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր նշանները։ Մենք վճռականորեն կարձագանքենք: Այժմ աշխատում ենք պատժամիջոցների ցուցակում 1600 կետ ներառելու ուղղությամբ, որոնք կապված են ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ և պատրաստվում ենք այդ ցանկն ընդլայնել»,- սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Կալասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալասը մտադիր է ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել Լայպցիգում ՌԴ դիվերսիայի հետ կապված հետագա քայլերը: Նա կոչ է արել ուժեղացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները ԵՄ մակարդակով, հատկապես՝ միջոցները ռուսական «ստվերային նավատորմի» դեմ։

Լայպցիգի օդանավակայանում օգոստոսի 4-ին դիվերսիայի փորձ է տեղի ունեցել ուկրաինական Ան-124 բեռնատար ինքնաթիռի դեմ: ԶԼՄ-ները, վկայակոչելով գերմանական քննչական մարմինների տվյալները, հայտնել են ենթադրյալ հարձակմանը միանգամից մի քանի դրոնի մասնակցության մասին: Պայթուցիկով ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական մի քանի բեռնատար ինքնաթիռի մոտ, երկրորդը, հավանաբար, բախվել է DHL ընկերության բեռնատար ինքնաթիռին, առաջինի հայտնաբերումից հաշված րոպեներ անց:

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին են պատասխանատու համարում Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի համար և զգուշացրել են նոր հիբրիդային հարձակումների հնարավորության մասին։

Բեռլինում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը սեպտեմբերի 1-ին կանչվել է Գերմանիայի ԱԳՆ։ Այնտեղ նրան բողոք են հայտնել օգոստոսի 4-ին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի վրա դրոնների հարձակմանը Մոսկվայի մասնակցության կապակցությամբ։ Դիվանագետը հերքել է մեղադրանքները։

  • Կիսվել: