չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կադիրովի դուստրերը «բռնվել» են ուրիշի ազգանվամբ Եվրոպա կատարած ուղեւորություններում

Կադիրովի դուստրերը «բռնվել» են ուրիշի ազգանվամբ Եվրոպա կատարած ուղեւորություններում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրերը՝ Կարինան, Տաբարիկը եւ Խեդին, օգտվել են այլ ազգանունից 2017թ. Ֆրանսիա մեկնելու համար, այս մասին վկայում է տեղեկատվության արտահոսքը, որն ուսումնասիրել է «Агентство»-ն։

2017թ. հունիսին Կադիրովի աղջիկները թռել են Փարիզ իրենց հոր Airbus ACJ319 բիզնես-ջեթով։ Ինքնաթիռում 21 մարդ կար։ Ուղեւորների մեջ էին Չեչնիայի ղեկավարի երեք դուստրերը, որոնք օգտագորել էին Մուսաեւա ազգանվամբ անձնագրեր։ Նրանց փաստաթղթերում հայրանվան դիմաց նշված է եղել՝ Ռամզանի, եւ իսկական ծննդյան թվերը։ Բոլոր երեք անձնագրերը, որոնք օգտագործել են Կադիրովի աղջիկները, այլ արտահոսքի համաձայն, մինչ այժմ համարվում են գործող։

Բացի նրանցից, ինքնաթիռում էր Ֆաթիմա Խազուեւան։ Ինչպես գրել է «Պրոյեկտը», նա հարաբերությունների մեջ է Չեչնիայի ղեկավարի հետ։ Ֆրանսիա է թռել նաեւ Խազուեւայի դուստրը՝ Աշուրան, որն օգտագործել է մոր ազգանվամբ փաստաթղթեր։ Կադիրովը նրան համարում է իր կնոջ՝ Մեդնիի աղջիկը, իսկ չեչենական իշխանությունների տեղեկություններից երեւում է, որ նա կրում է տարածաշրջանի ղեկավարի ազգանունը։ Աշուրա Կադիրովան հիմա 12 տարեկան է, իսկ թռիչքի պահին հինգ տարեկան էր, նշել է «Агентство»-ն։

Կադիրովի մյուս աղջիկը՝ Այշաթը, տնօրինում է Firdaws նորաձեւության տունը, որը ցուցադրություններ է կազմակերպել Փարիզում։ Նույն բիզնես-ջեթը առնվազն մեկ անգամ՝ 2020թ., թռել է Ֆրանսիայի մայրաքաղաք Firdaws-ի ցուցադրության օրը։

Եվրոպայի երկրները պատժամիջոցներ են մտցրել Ռամզան Կադիրովի դեմ 2014թ., 2017թ. նա հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ 2022թ. եվրոպական պատժացուցակներում են հայտնվել նրա դուստրեր Այշաթը եւ Կարինան, իսկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել նրա կնոջ՝ Մեդնիի, Ֆաթիմա Խազուեւայի եւ Ամինաթ Ահմադովայի դեմ, որի հետ նույնպես կապել են Չեչնիայի ղեկավարին։ Բացի այդ, ցուցակում հայտնվել է Firdaws նորաձեւության տունը։ Ավելի ուշ եվրոպական պետությունների եւ ԱՄՆ իշխանությունները պատժացուցակ են մտցրել նաեւ Կադիրովի մորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: