Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի «պահապանը» և այդպիսին կմնա նաև ապագայում։
«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ»,– գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ կապված Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման դիմաց փոխհատուցման հարցի հետ։
«Նախագահը (ԱՄՆ-ի՝ խմբ․) բացարձակապես ճիշտ է։ Նա, ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության համար։
Իրանը միշտ եղել է նեղուցի ՊԱՀՊԱՆԸ և կմնա այդպիսին ՄՇՏԱՊԵՍ։
20%-ը, իհարկե, շատ է։ Մենք արդար կլինենք»,– գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր Իրանի շրջափակման վերականգնման և Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության համար 20% վճարի սահմանման մասին․
«Մենք վերականգնում ենք Իրանի շրջափակումը, որն այդպես է կոչվում, քանի որ այն դադարեցնում է միայն իրանական նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը։ Մնացած բոլոր երկրները կունենան արդար և բաց հասանելիություն դեպի նեղուց»,– հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ առաջնորդը նաև նշել էր, որ նեղուցի անվտանգության և պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կփոխհատուցվեն՝ տեղափոխվող ամբողջ բեռի արժեքի 20%-ի չափով։
«Գործընթացն ու դրա ձևավորումը կսկսվեն անմիջապես»,– գրել էր Թրամփը։



