Իրանում մտահոգություն են հայտնել Ադրբեջանում Իսրայելի ներկայության կապակցությամբ
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը, ողջունելով Բաքվի և Երևանի միջը խաղաղ բանակցությունները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Իսրայելի ներկայության կապակցությամբ, գրում է parstoday.ir-ը:
Սեյեդ Քամալ Խարազին նշել է․ «Հուսով ենք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կհանգեցնեն երկու երկրների միջև լիակատար խաղաղության հաստատմանը և Կովկասի առաջխաղացման համար անհրաժեշտ համագործակցություն կհաստատվի Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև»։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ, խարազին մտահոգություն է հայտնել այդ երկրում Սիոնիստական ռեժիմի ներկայության կապակցությամբ՝ նշելով, որ երկրները պետք է հաշվի առնեն իրենց հարևանների վերաբերմունքը։
Ընդգծելով, որ հզոր տարածաշրջանի ստեղծումը հնարավոր է տարածաշրջանային համագործակցության միջոցով, նա նշել է, որ ԻԻՀ քաղաքականությունը տարածաշրջանային համագործակցություն է՝ չնայած կառավարման համակարգում առկա տարաձայնություններին։
Խարազին ասել է ․ «Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց տարածքը։ Փորձը ցույց է տվել, որ որևէ երկրում օտար ուժերի ներկայությունը պարտադիր չէ, որ կանխի այդ երկրի դեմ ագրեսիան։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ադրբեջանը դեմ է իր տարածքում օտարերկրյա բազաների ստեղծմանը»։
Որպես երկու երկրների հարաբերությունների զարգացման ամուր կետ նշելով մշակութային ընդհանրությունները, Խարազին հավելել է․ «Հարաբերությունները կարելի է հարստացնել հարուստ մշակույթի հիման վրա, և չնչին տարբերությունները չպետք է խանգարեն երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը»։
Հիքմեթ Հաջիևը նաև հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորացնելու պատմական հնարավորություն կա և ընդգծել, որ Բաքուն պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ հյուսիս-հարավ տրանսպորտային ուղիների, ինչպես նաև Նախիջևանի հետ կապի համար Աքբանդ-Քալալե երթուղու զարգացման գործում: