«Իրանն ավելի հմտորեն է շրջանցում ամերիկյան ՀՕՊ համակարգերը». Հորդանանի վրա հարվածների մանրամասները
Հորդանանն ամերիկա-իրանական պատերազմում ուշադրության նոր կենտրոն է դառնում, գրում է The New York Times-ը։
Հինգ օրվա ընթացքում իրանական չորս հարձակում ուղղված էր Հորդանանում գտնվող ամերիկյան զորքերի դեմ, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ մեկը ուրբաթ օրը, որի հետևանքով զոհվել է երկու զինվոր, իսկ ևս մեկ զինծառայող անհետ կորել է։
Ընդհանուր առմամբ, այս հարձակումների հետևանքով տասնյակ ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են, ինչպես նաև վնասվել են մի քանի ուղղաթիռներ։
Հարձակումների տարափն ու դրանց պատճառած կորուստները վկայում են այն մասին, որ իրանական ուժերը ոչ միայն դեռևս ունեն հրթիռների բավարար պաշար, այլև դարձել են ավելի հմուտ՝ ամերիկյան ՀՕՊ համակարգերը շրջանցելու հարցում, հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները։
Հորդանանը, որի տարածքում տեղակայված են ամերիկյան խոշոր ավիաբազաներ, ավելի մեծ նշանակություն է ստացել պատերազմի նախաշեմին և առաջին օրերին, քանի որ Պենտագոնը Բահրեյնից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Կատարից զորքերի մի մասը տեղափոխել է համեմատաբար ավելի անվտանգ վայրեր՝ Հորդանան և Իսրայել։ Երկրի դերը ԱՄՆ-ի գործողություններում միայն աճել է, քանի որ տարածաշրջանում ամերիկյան մյուս դաշնակիցները սահմանափակել են Վաշինգտոնի հնարավորությունները՝ իրենց տարածքներում զորքեր տեղակայելու և թռիչքներ իրականացնելու հարցում, հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները։
Հուլիսի սկզբին Իրանը ընդլայնել է տարածաշրջանում իր հարձակումների մասշտաբը՝ դրանցում առաջին անգամ ներառելով Հորդանանն այն բանից հետո, երբ հունիսին Թեհրանն ու Վաշինգտոնը հրադադարի համաձայնագիր էին ստորագրել։
Ամերիկացի պաշտոնյաները ներկայացրել են Հորդանանի վրա իրանական հարձակումների վերջին հինգ օրերի համառոտ ակնարկը, որոնք Պենտագոնը դեռ հրապարակայնորեն մանրամասն չի քննարկել։
Հորդանանում ամերիկյան զորքերի դեմ առաջին հարձակումը տեղի է ունեցել Թագավոր Ֆեյսալի անվան ավիաբազայի բնակելի համալիրի վրա, որի հետևանքով վիրավորվել է մինչև հինգ ամերիկացի զինծառայող, հայտնել են նրանք։ Երկրորդ հրթիռը խոցել է Հորդանանի արևելքում գտնվող բազան, որտեղ տեղակայված էին ամերիկյան Black Hawk ուղղաթիռները՝ զգալիորեն վնասելով դրանց մի մասը։
Բացի այդ, իրանական հրթիռները խոցել են Ազրաքում գտնվող Հորդանանի Մուվաֆֆակ Սալթի ավիաբազան՝ նույն այն բազան, որտեղ ուրբաթ օրը զոհվել էին ԱՄՆ զինծառայողները։
Նախորդ հարվածի հետևանքով շուրջ 20 ամերիկացի զինծառայող վիրավորվել էր՝ փորձելով պատսպարվել բունկերներում։ Այդ հարձակման ընթացքում ոչ ոք չէր զոհվել։


