Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Իրանն ամերիկյան կողմի հետ առաջիկա բանակցություններում կձգտի հասնել ձեռք բերված համաձայնագրի իրականացմանը. Վաշինգտոնի անբարեխղճության և չափազանց մեծ պահանջների դեպքում Թեհրանը կտա ջախջախիչ պատասխան: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Գերագույն առաջնորդի կողմից մեր առջև դրված խնդիրն է՝ հասնել համաձայնագրի պայմանների և կետերի իրագործմանը։ Անբարեխղճության, պայմանավորվածությունների խախտման և մյուս կողմի չափազանց մեծ պահանջների դեպքում մենք առանց տատանվելու թշնամուն ջախջախիչ պատասխան կտանք», - գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Նա ԱՄՆ-ին սպառնացել է «էլ ավելի ուժեղ հարված տալ», եթե նրանք կրկին փորձեն գնալ ռազմական հակամարտության ճանապարհով։
Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Փաստաթղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։
Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։



