Իրանի հետախուզությունը հայտնել է 126 մարդու ձերբակալության մասին. մանրամասներ
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է չորս անդամից բաղկացած ահաբեկչական բջջի վնասազերծման, գաղտնի պետական տվյալներին հասանելիություն ստանալու փորձի մեջ կասկածվող անձի, ինչպես նաև 126 մարդու ձերբակալության մասին, որոնց իշխանությունները կապում են փողոցային անկարգությունների ցանցի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ երկրի արևմտյան շրջաններում ձերբակալվել է մի կասկածյալ, որը կապ էր պահպանում իսրայելական կողմի հետ առնչվող անձի հետ և փորձում էր հասանելիություն ստանալ պետական զգայուն տեղեկատվական համակարգերին։
Նշվում է նաև, որ գործողության ընթացքում առգրավվել են էլեկտրոնային սարքեր և այլ նյութեր։ Առանձին հաղորդվում է երկրի հարավ-արևելքում չորս անդամից բաղկացած օպերատիվ-հետախուզական խմբի վնասազերծման մասին։ Գերատեսչության տվյալներով, այս խումբը կապեր է ունեցել «ահաբեկչական և թաքֆիրական կազմակերպությունների» հետ և ծրագրել է դիվերսիոն ու ահաբեկչական գործողություններ։ Գործողության ընթացքում առգրավվել են զենք և զինամթերք։
Հետախուզության նախարարությունը հայտնել է նաև երեք նահանգներում 126 մարդու ձերբակալության մասին։ Գերատեսչության վարկածով, նրանք եղել են հակամարտության ընթացքում գործող «փողոցային անկարգությունների ցանցի» մասնակիցներ և կազմակերպիչներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածների թվում կան քրեական անցյալ ունեցող անձինք և հակապետական գործունեության հետ ենթադրյալ կապեր ունեցողներ։ Քննությունը շարունակվում է։



