ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Իրանի հետ առևտուրը կախված կլինի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պահպանումից. Պարսից ծոցի երկրներ

Իրանի հետ առևտուրը կախված կլինի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պահպանումից. Պարսից ծոցի երկրներ

Պարսից ծոցի երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ «իրանական դրածոների և հրթիռների դեմ պայքարը հարատև խաղաղության բանալին է», և որ Թեհրանի հետ ցանկացած առևտուր ու ներդրում կլինեն հետշրջելի և կախված կլինեն նրա կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պահպանումից: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը։

Նշվում է, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված հանդիպման արդյունքներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համանախագահությամբ, ընդունված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Նախարարները ընդգծել են նաև, որ տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են Իրանից բխող սպառնալիքների ամբողջ սպեկտրի վերացում, ներառյալ նրա բալիստիկ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և աջակցությունը տարածաշրջանում իր հովանավորյալ ուժերին:

Իրանի հետ ցանկացած առևտուր և ներդրում պայմանական են և հետշրջելի՝ Փոխըմբռնման հուշագրի ու վերջնական համաձայնագրի Իրանի պահպանման, նրա ապակայունացնող վարքագծի դադարեցման և տնտեսական փոխգործակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով: Նա միաժամանակ հավաստիացրել էր Պարսից ծոցի դաշնակիցներին, որ նրանց շահերը հաշվի կառնվեն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը։

«Թեև մենք ցանկանում ենք գործարք կնքել, չենք ցանկանում դրան հասնել ամեն գնով: Մենք ցանկանում ենք, որ գործարքը լինի շահավետ, ցանկանում ենք, որ գործարքը լինի իրական, ցանկանում ենք, որ գործարքը լինի ստուգելի, և ցանկանում ենք, որ գործարքը պահպանվի»,-ասել է Ռուբիոն:

  • Կիսվել: