Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների մասին
Իրաքի արտաքին գործերի նախարարը հաջորդ ամիս կմեկնի Վաշինգտոն՝ արաբական երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին պաշտոնական հայտարարություն անելու համար, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, իրաքյան աղբյուրների հղումով, Իրաքի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիս կանցկացնեն իրաքցի դիվանագետի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում, որպեսզի հրապարակեն Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի առաքելության ավարտի մասին հայտարարությունը։
Միջազգային ռազմական կոալիցիայի ուժերի դուրսբերումն Իրաքից, բացառությամբ իրաքյան Քրդստանի շրջանի, կսկսվի 2025 թվականի սեպտեմբերին, հայտնել են աղբյուրները։ Նախատեսվում է, որ միջազգային ռազմական կոալիցիայի ուժերը Քրդստանի տարածքից դուրս կգան 2026 թվականի սեպտեմբերին։