Ինդոնեզիայում Երկրորդ աշխարհամարտի շրջանի ռումբ է պայթել. կա հինգ զոհ
Ինդոնեզական ձկնորսական գյուղերից մեկում՝ հենասյուների վրա կառուցված տան տակ, արկ է պայթել, որը, ենթադրաբար, մնացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։ Զոհվել է 5 մարդ, ևս 20 հոգի վիրավոր է, հայտնել է Kompas TV-ն:
Նշվում է, որ պայթյունն ուղեկցվել է հրագնդի արտանետմամբ, որից հետո թանձր ծխի սյուն է բարձրացել։ Ինը տուն ամբողջությամբ ավերվել է։
Իր հերթին Պապուայի ոստիկանության ներկայացուցիչ Չայո Սուկարնիտոն Ֆրանսպրեսի հետ զրույցում ասել է. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պայթյունի աղբյուրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ կամ ականանետի արկ»:
Հաղորդվում է նաև, որ 3 մարդ առ այսօր համարվում է անհայտ կորած, սակայն Սուկարնիտոն նշել է, որ մարմնի մի շարք մասեր դեռևս պետք է նույնականացվեն։ Նա հավելել է, որ թեթև վնասվածքներ ստացած առնվազն 19 մարդ բժշկական օգնություն է ստացել։


