Ինչ են քննարկել Իրանն ու Եվրոպական եռյակը. մանրամասներ
Եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր պատժամիջոցների վերականգնման հարցը:
Բարոն չի ներկայացրել քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ, միայն հավելել է, որ նոր շփումներ են նախատեսվում հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, նախկինում համաձայնել էին Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ սահմանել օգոստոսը: Համաձայնագրի չկնքման դեպքում՝ եռյակը նախատեսում է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականի համաձայնագրերի հիման վրա:
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման դեպքում Իրանը սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից:


