երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Հյուսիսային հոսքի» տուրբինը Կանադայից ուղևորվել է դեպի Ռուսաստան

«Հյուսիսային հոսքի» տուրբինը Կանադայից ուղևորվել է դեպի Ռուսաստան

Հուլիսի 17-ին «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի Siemens Energy տուրբինը Կանադայի վերանորոգման օբյեկտից ինքնաթիռով ուղարկվել է Գերմանիա։ Դրանից հետո այն Ռուսաստան կհասնի հինգից յոթ օրում, եթե նյութատեխնիկական ու մաքսային խնդիրներ չառաջանան, հաղորդում է Коммерсантъ պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միևնույն ժամանակ «Գազպրոմը» դեռ չի հաստատել, որ վերանորոգված տուրբինը ստանալուն պես կավելացնի գազի մղումը «Հյուսիսային հոսքով»։ Ընկերությունը սպասում է Siemens-ի գրավոր երաշխիքին, որ հնարավոր կլինի անվտանգ տեղափոխել և վերանորոգել մնացած տուրբինները։

Վերանորոգված Siemens Energy գազային տուրբինն օգտագործվում է «Հյուսիսային հոսք» խողովակաշարով Ռուսաստանից Գերմանիա գազ մատակարարելու համար:

ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը չի պարունակում Ռուսաստանի Դաշնություն գազային տուրբինների մատակարարման արգելք, ուստի դրա տեղափոխման հետ կապված դժվարություններ չպետք է լինեն։ Սարքավորումը Ռուսաստան կժամանի մոտավորապես հուլիսի 24-ին, իսկ շահագործման հանձնելը կտևի ևս երեք-չորս օր։ Հետևաբար, գազի կոմպրեսորային բլոկը պետք է պատրաստ լինի գազ մղել «Հյուսիսային հոսքով» օգոստոսի սկզբին:

Siemens Energy-ն ու Գազպրոմը հրաժարվել են մեկնաբանել տուրբինի մատակարարման ժամկետները։

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին «Գազպրոմը» «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների մակարդակը նվազեցրել էր մինչև անվանական հզորության 40%-ը (օրական 67 մլն խմ)՝ պատճառաբանելով գազատուրբինների վերանորոգման և մատակարարման հետ կապված խնդիրները: Այն ժամանակ հնարավոր չէր տուրբինը դուրս բերել Մոնրեալից, որտեղ այն վերանորոգվում էր, քանի որ Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել «Գազպրոմի» դեմ և արգելել էին սարքավորումների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն։

Գերմանական իշխանությունների հետ բանակցություններից հետո Կանադան, այնուամենայնիվ, համաձայնել է վերադարձնել տուրբինը և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լիցենզիա տրամադրել «Գազպրոմի» ևս հինգ տուրբինների վերանորոգման, սպասարկման և փոխադրման համար։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո «Հյուսիսային հոսքը» մնացել է հիմնական երթուղին ռուսական գազը Եվրոպա մատակարարելու համար։

  • Կիսվել: