հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Հունգարիան հրապարակել է կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության արխիվը

Հունգարիան հրապարակել է կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության արխիվը

Հունգարիան հանրային հասանելիություն է տվել կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության տասնյակ հազարավոր արխիվային փաստաթղթերի՝ դրանք տեղադրելով առցանց տվյալների բազայում։

Հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալու այն լայնածավալ տեղեկատուների ցանցին, որի միջոցով տասնամյակներ շարունակ լրտեսել են քաղաքացիներին՝ միակուսակցական կառավարման տարիներին։

Կոմունիստական վարչակարգի փլուզումից ավելի քան 36 տարի անց իրականացված այս քայլը վարչապետ Պետեր Մագյարի՝ արխիվները հանրայնացնելու և հունգարացիներին երկրի ամբողջատիրական անցյալի հետ առերեսվելու հնարավորություն տալու խոստման մասն է։

«Մենք այժմ՝ 36 տարի անց, իրականացնում ենք այն, ինչ խոստացվել էր վարչակարգի փոփոխության ժամանակ»,- արխիվում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Մագյարը՝ հավելելով, որ այս պահին հանրությանը հասանելի է դարձել շուրջ 60 հազար անուն։

Լրացուցիչ փաստաթղթերը նախատեսվում է հրապարակել մինչև 2027 թվականի փետրվարը։ Այդուհանդերձ, արխիվներն ամբողջական չեն․ փաստաթղթերի զգալի մասը ոչնչացվել է 1956 թվականին՝ Հունգարիայում խորհրդային իշխանության դեմ տեղի ունեցած ապստամբության, ինչպես նաև 1988-1989 թվականներին։

Մագյարը կոչ է արել հանրությանը փաստաթղթերի հրապարակմանը մոտենալ պատասխանատվությամբ և մարդկայնությամբ՝ հաշվի առնելով, որ շատ ընտանիքներ կարող են բախվել իրենց մահացած հարազատներին վերաբերող դժվարին տեղեկությունների։

«Խնդրում եմ բոլորին այս վաղուց սպասված փաստաթղթերի հրապարակմանը վերաբերվել արժանապատվությամբ և մարդկայնությամբ։ Շատ ընտանիքներ այժմ ստիպված կլինեն առերեսվել դժվարին տեղեկությունների, որոնք հաճախ վերաբերում են իրենց մահացած հարազատներին։ Անհնար է հաղթահարել տրավման՝ առանց քննարկելու և հարցեր տալու»,- նշել է վարչապետը։

  • Կիսվել: