Հունաստանում անտառային հրդեհներ են
Աթենքից հյուսի խոշոր հրդեհ է բռնկվել, ծխի ամպերը հասել են Հունաստանի մայրաքաղաք, որը գտնվում է հրդեհից մոտ 30 կիլոմետր հարավ։ Հունական մի քանի գյուղ ու քաղաք արդեն տարհանվել է, տեղեկացնում է AFP-ն:
Ինչպես հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը՝ ծխի բարձրությունը գերազանցում է 25 մետրը: Նրա խոսքով՝ մինչև մայրամուտ գործի է դրվել 29 հրշեջ ինքնաթիռ և ուղղաթիռ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մի քանի հարյուր հրշեջ` 110 մեքենայով, և բազմաթիվ կամավորներ։
Օգոստոսի 11-ի կեսօրից հետո ցերեկային ժամերին բռնկված 40 հրդեհից 33-ը հաջողվել է վերահսկել, հրկիզվել են տասնյակ տներ: Զբոսաշրջային վայրերն ի սկզբանե վտանգի տակ չեն եղել:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչների կարծիքով՝ առաջիկա օրերին իրավիճակը կմնա ծայրահեղ վտանգավոր։ Հունաստանի մեծ մասում մի քանի ամիս է, ինչ նորմալ տեղումներ չեն գրանցվել: Օգոստոսի 12-ին ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի:
Ամենաուժեղ շոգը կանխատեսվում է երկրի արևմտյան շրջաններում և սպասվում է, որ նման եղանակային պայմանները կարող են բարենպաստ լինել անտառային հրդեհների համար մինչև օգոստոսի 15-ը։