Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև Իրանի պայմանները կատարվեն․ ԻՀՊԿ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչեւ Իրանի առաջադրած պայմանները կատարվեն, հայտարարել է, որ հակառակորդը պետք է հարգանքով վերաբերվի Իրանի ժողովրդին եւ ճանաչի նրա արժանի տեղն ու դերը։
Միեւնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հակառակորդի ռազմական գործողությունների դադարեցումն ու նահանջը համարել է իր նպատակներին հասնելու ձախողման վկայություն։
Pars Today-ի հաղորդմամբ, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին, Ռազմածովային ուժերի օրվա առթիվ լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներին հավատարմության վերահաստատման արարողության ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը հարգանքով վերաբերվի Իրանի ժողովրդին եւ ճանաչի նրա արժանի տեղն ու դերը։
Անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիներից մինչեւ այսօր Իրանի ռազմածովային ուժերի ոգուն եւ գործելաոճին, նա նշել է, որ այդ ուժերի առջեւ դրված խնդիրներն ավելի են բարդացել թե՛ աշխարհագրական ընդգրկման, թե՛ տեխնիկայի եւ թե՛ սպառնալիքների բնույթի առումով։ Կոնտրադմիրալ Իրանին նաեւ, անդրադառնալով Իրանի զինված ուժերի առճակատմանը ԱՄՆ-ի ռազմական հզորության հետ, ընդգծել է Իրանի հաստատակամությունը՝ դիմակայելու այդ ռազմական հզորությանը։
Միեւնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Հասան Մոհեբին հայտարարել է, որ հակառակորդի ռազմական գործողությունների դադարեցումն ու պատերազմի ավարտը վկայում են նրա՝ նպատակներին հասնելու ձախողման մասին։ Նրա խոսքով՝ եթե հակառակորդը ռազմական գործողություններով կարողանար հասնել իր նպատակներին, ապա կշարունակեր պատերազմը եւ համաձայնության հասնելու համար միջնորդների օգնությանը չէր դիմի։
Նա հավելել է, որ 39 կամ 40 օր անց պատերազմը դադարեցնելու որոշումը ցույց տվեց, որ հակառակորդը հիասթափվել է ռազմական ճանապարհով նպատակներին հասնելու հնարավորությունից եւ եկել այն եզրակացության, որ այդ եղանակով չի կարող իրագործել դրանք:



