Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՀՊԿ-ն
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Հորդանանում տեղակայված ամերիկյան զորքերի վրա, հաղորդում է IRIB պետական հեռարձակողը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ իր ռազմաօդային ուժերը մի քանի բալիստիկ հրթիռային հարվածներ են հասցրել ԱՄՆ ավիաբազային և Հորդանանում գտնվող ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարական կենտրոնի վրա։
«Քանի դեռ շարունակվում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները և ԱՄՆ ուժերի կողմից մեր շահերի դեմ ուղղված անօրինական ու չարամիտ գործողությունները, դիմադրությունը կշարունակվի», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
«ԱՄՆ պաշտոնյաների սպառնալիքները և մեր շահերի դեմ ուղղված անօրինական միջամտությունները պետք է դադարեցվեն», - ընդգծել է ԻՀՊԿ-ն։


